Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ում է, պետք է կարողանանք լեզու գտնել Թուրքիայի հետ. Խուրշուդյան

«Հանրաքվեն չի լինելու այն մասին, թե ինչ կարծիք ունի ժողովուրդը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, դա լինելու է որոշում ԵՄ-ին անդամակցելու մասին։ Այլ հարց  է, որ այդ որոշման իրականացման ժամկետները, ծավալները, հերթականությունը և այլն իշխանությունները պետք է իրենք որոշեն։ Կարող է հարցը նաև այնպես ձևակերպված լինել, որ այդ կետը մտնի Սահմանադրություն։ Այսինքն՝ ՀՀ ժողովուրդը որոշում է  Սահմանադրության մեջ  փոփոխություններ կատարել, որ ՀՀ-ն պետք է դառնա ԵՄ անդամ»: Այս մասին ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանի դիտարկմանը, որ ԵՄ-ին ինտեգրվելու համար հանրաքվե անցկացնելը չի համապատասխանում Սահմանադրությանը, քանի որ հանրաքվեն լինելու է որպես ժողովրդի կարծիք, բայց ոչ ինտեգրվելու որոշում, իսկ Սահմանադրությամբ նախատեսված է, որ վերպետական կառույցներին միանալու որոշման դեպքում միայն կարելի է հանրաքվե անցկացնել։


Խուրշուդյանը նշեց, որ 100-120  օրվա ընթացքում հարկավոր է անցկացնել հանրաքվեն, իսկ թե արդյոք ԵՄ-ն պատրա՞ստ է ընդունել Հայաստանին իր կազմ, եթե հաշվի առնենք, որ 27 պետություն պետք է հավանություն տա, նա պատասխանեց. «Իհարկե խնդիր է, որ դա ԵՄ-ն պետք է լուծի։ Հունգարիայի խնդիրը, որը հիմնական խնդիրն է լինում  նման դեպքերում, ԵՄ-ն պետք է լուծի սանկցիաների միջոցով»։


Քաղաքագետը նշեց, որ 2022թ.-ից հետո, երբ ՌԴ-ն հարձակվեց Ուկրաինայի վրա, տարածաշրջանում շատ բան է  փոխվել. «Այն ժամանակ Արևմուտքը ընդունում էր, որ սա Ռուսաստանի պատասխանատվության գոտին է, բայց Ուկրաինայի դեմ հարձակումով Արևմուտքը հասկացավ, որ սա ՌԴ-ի անպատասխանատվության գոտին է, ու այս երկրները ՌԴ-ի համար զոհեր են, և ԵՄ-ի կողմից ավելացավ արագությունը այս երկրներին ընդունելու այդ կառույց»։  


Ըստ նրա՝ հիմա նաև շատ կարևոր է օր առաջ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը. «Պետք է բացել սահմանները, որպեսզի եթե հանկարծ Վրաստանի աշխարհաքաղաքական փոփոխության հետևանքով փակվեն Հայաստան եկող որոշ ճանապարհներ, մենք այլընտրանքի հնարավորություն ունենանք Թուրքիայի միջոցով։  Ու եթե մենք դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, ապա կարծում եմ, որ մեր ապագան լինելու է ՆԱՏՕ-ում, իսկ այդ շրջանակներում պետք է կարողանանք լեզու գտնել Թուրքիայի հետ»։ 


Մանրամասն՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան